Հանրագիտարան

Ծիրանավոր եկեղեցի

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում է գտնվում Աշտարակի Ծիրանավոր եկեղեցին, որը կառուցվել է V դարում Ներսես II Բագրևանդցի Կաթողիկոսի հրամանով:

Եկեղեցին եռանավ բազիլիկ է՝ ուղղանկյուն հատակագծով և պայտաձև ապսիդով, որի երկու կողմերում գտնվում են ավանդատները: Դրսից եկեղեցին պաշտպանված է եղել երկու շարք պատերով, ինչը նշանակում է որ այն ծառայել է նաև որպես ամրոց, իսկ Ծիրանավորի մյուս անվանումը՝ Փոքաբերդ, դրա ապացույցն է: Ծիրանավորի արտաքին չափսերն են 12.6x25.3 մետր: Կենտրոնական նավի տանիքը հենվում է երեք զույգ T –ձև սյուների վրա, ինչը հատկանշական է այդ ժամանակաշրջանի հայկական ճարտարապետությանը: Ծիրանավոր եկեղեցու ծածկը փլուզվել է 1815 թվականին: 

Ըստ հնուց եկող ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի: Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնախոր ձորը: Այս լուրն իմանալով, իրենց փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, իրեն ևս ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր: Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: